воскресенье, 14 августа 2016 г.

Սուֆիստի այցը

Մի անգամ մեծ սուֆիստը եկավ մի քաղաք: Մարդիկ երկար էին սպասել նրա գալուն, և բոլորը ցանկանում էին նրա մոտ սովորել: Նշված ժամին մարդիկ հավաքվեցին դահլիճում՝ սպասելով նրա ելույթին: Դահլիճում այնքան մարդ կար, որ անգամ խնձորը գետնին չէր ընկնի, իսկ նրանք , ովքեր չէին տեղավորվել դահլիճում , դռան դիմաց էին հավաքվել:
Եկավ վարպետի ելույթ ունենալու ժամանակը, բայց նա ուշանում էր: Մի քանի րոպե անց մարդիկ սկսեցին անհանգստանալ և հուզվել: Որոշ ժամանակ անց, վարպետի ուշացումից հիասթափված, շատերը հեռացան դահլիճից:

Դահլիճում լարված մթնոլորտ էր: Մեկ ժամ անց վերջապես ներս մտավ վարպետը: Նա չափազանց հարբած էր: Մտքով իսկ չէր անցնում բեմ բարձրանալ: Շորորալով և անպարկեշտ երգեր երգելով ՝ նստեց մի երիտասարդ աղջկա մոտ և սկսեց հաճոյախոսություններ անել ՝ ուշադրություն չդարձնելով մարդկանց վրդովմունքին: Դրանից հետո մարդկանց մեծամասնությունը հեռացավ՝ իրեն վիրավորված զգալով և մտածելով, որ այդ սուֆիստը իսկական խաբեբա է: Մնացին մի քանիսը:
Երբ բոլոր հիասթափված մարդիկ հեռացան, վարպետը սթափ և ուղիղ քայլվածքով բարձրացավ բեմ և ասաց.
-Դասախոսության ամենասկզբից ես այստեղ էի և հետևում էի ձեզ: Սպասում էի, թե երբ են ավելորդ մարդիկ լքելու դահլիճը: Նրանք, ովքեր նայում են պահվածքին և արտաքինին, դատում են ուսուցչի մեծությունը նրա արտաքին տեսքից , ինքնակամ հեռացան: Մնացին միայն նրանք, ովքեր իսկապես ուզում են գիտելիք ստանալ: Ահա ձեզ հետ եմ ես, և ձեզ հետ կխոսեմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էդուարդ Երիցյանի:

Комментариев нет:

Отправить комментарий